Single Blog Title

This is a single blog caption

[Վերլուծություն]. «Յուվե» – «Բարսա». դեժավյու՞, թե՞ օրինաչափություն

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի «Յուվենթուսի» դեմ խաղն իսկական մղձավանջ էր «Բարսայի» երկրպագուների համար: Ի տարբերություն «ՊՍԺ»-ից կրած 0:4 հաշվով պարտությանը՝ այս ձախողումն ավելի ցավալի էր: Ինչպես ասում են, սեփական սխալներից պետք է հետևություններ անել, սակայն Էնրիկեն ոչ միայն հետևություն չէր արել, այլ կրկնակի, եռակի, քառակի անգամ մեծացրել էր անհասկանալի որոշումների քանակը:

Ինչևէ, մի կողմ թողնենք Մաթյոյին ու Գոմեշին անիմաստ «քլնգելու» սովորությունը և սառը գլխով վերլուծենք «Յուվենթուս» ստադիոնում կատալոնացիների ցուցադրած անփառունակ խաղը:

Մեկնարկային կազմը

Այս անհասկանալի դասավորությամբ խաղալ «Յուվենթուսի» ճկուն 4-2-3-1-ի դեմ, որը հեշտությամբ փոփոխվում էր 4-4-2-ի, առնվազն անմտություն էր: Ալեգրիին եզրային ֆուտբոլիստներին հստակ հրահանգ էր տվել՝ միշտ ապահովագրել խաղընկերոջը: Մանջուկիչն ու Ալեքս Սանդրոն՝ ձախ, Դանի Ալվեշն ու Կուադրադոն՝ աջ եզրերում, իշխում էին առանց որևէ դիմադրության հանդիպելու: Իսկ ի՞նչն էր դրա պատճառը: Իհարկե, Լուիս Էնրիկեի ընտրած տակտիկական սխեման, որի ամենաթույլ կողմը հենց եզրերն էին:

Մաթյոյի խաղադաշտում լինելու իրական և արդարացի պատճառները

Դեռևս հանդիպումը չսկսված շատ մասնագետներ և երկրպագուներ սկսեցին քննադատել Էնրիկեին Ժերեմի Մաթյոյին մեկնարկային կազմում տեղ վստահելու համար, առավել ևս, որ վերջերս կայացած «Մալագայի» դեմ խաղում ֆրանսիացին պարզապես «փայլում» էր իր անփութությամբ: Բայց մի փոքր խորը մտածելուց հետո կհասկանանք Էնրիկեի այսպիսի որոշման իրական պատճառները.

1) Ժորդի Ալբան իհարկե ունի արագություն, լավ փոխանցումներ, իդեալական կերպով կարողանում է ակտիվություն ցուցաբերել իր եզրում գրոհների ժամանակ, սակայն իսպանացին ունի մի թերություն՝ ինքնամոռաց առաջ շարժվել: Իսկ դա «Յուվենթուսի» դեմ խաղում կարող էր ճակատագրական լինել, քանզի տվյալ եզրում խաղում էին Դանի Ալվեշն ու Խուան Կուադրադոն:

2) Ժերեմի Մաթյոյի մեկնարկային կազմում հայտնվելու առաջնային պայմանը հետևյալն էր. ֆրանսիացին ուներ հստակ առաջադրանք՝ ոչ մի դեպքում չկորցնել դիրքը, մնալ սեփական կիսադաշտում, չմիանալ գրոհներին և կիրառել դիրքային պաշտպանություն Կուադրադոյի դեմ: Մաթյոյին չբավականացրեց համարձակությունը գոլային գրոհի ժամանակ, այլապես սեփական դարպասին սեղմվելու փոխարեն հանգիստ կարելի էր փորձել խլել գնդակը Խուան Կուադրադոյից:

Ինչպես նաև, Մաթյոյի ներկայությունը հավելյալ օգուտ էր երկրորդ հարկում թուրինցիներին դիմակայելու համար:

Գոլային դրվագներում Պիկեի անհասկանալի գործողությունները

Առաջին բաց թողած գոլային գրոհի ժամանակ Ժերար Պիկեն այնքան հեռու էր կանգնել Դիբալայից, ասես վերջինիս վրայից սխտորի ուժեղ հոտ էր փչում.

Եթե Պիկեն ավելի մոտ գտնվեր Դիբալային, ապա արգենտինացին առնվազն դժվարություններ կունենար գնդակն ընդունելուց և հարված կատարելուց:

Գրեթե նույն իրավիճակն էր նաև բաց թողած երկորդ գոլի դեպքում:

Այս դրվագում թերացել էր հենակետային կիսապաշտպան Մասկերանոն:

Բաց թողած երրորդ գոլի ժամանակ Պիկեն խաղադաշտում իրեն զգում էր ոչ թե պաշտպանվող թիմի ֆուտբոլիստ, այլ հանդիպման մրցավար, ով հետևում է խաղին.

Ինչպես երևում է այս դրվագից, Պիկեն մոռացել էր, որ երբ մրցակիցը անկյունային հարվածի իրավունք է ստանում, ապա տուգանային հրապարակ մուտքը պետք է լինի զույգերով:

Եզրերում տիրող դատարկությունն ու գերհագեցած կենտրոնը

Ինչպես արդեն նշեցի, «Բարսելոնան» խոցելի էր հենց եզրերում: Նեյմարի ձախ եզրն ընդհանրապես վերլուծելու կարիք չունի, քանզի բրազիլացին չէր կարողանում ինչպես հարկն է գրոհել, ուր մնաց արդյունավետ պաշտպանվեր: Իսկ ահա աջ եզրում իսկական քաոս էր: Պարադոսք. աջ եզրում, փաստացի լինելով միայնակ (միայնակ, քանզի նոմինալ աջ եզրային հարձակվող Լեո Մեսսին խաղում էր ամենուր), Սերժի Ռոբերտոն հրահանգ էր ստացել գրոհների ժամանակ տեղափոխվել դաշտի կենտրոն: Էնրիկեի այս որոշումը, ըստ իս, ուղղակիորեն ազդեց թիմի խաղի, սխեմայի և ֆուտբոլիստների համագործակցության վրա՝ իհարկե, բացասական առումով: Բանն այն է, որ բացի պաշտպաններից, մնացած բոլոր ֆուտբոլիստները նահանջում էին դաշտի կենտրոնական հատված գնդակ ստանալու համար: Այդպիսով, առանց այդ էլ խախտվում էր գրոհների կազմակերպման բնականոն ռիթմը, իսկ Ռոբերտոյի՝ կենտրոնական հատված տեղափոխվելն էլ ավելի էր խառնում ամեն ինչ: Մեկ անգամ ևս հիմնավորվեց այն փաստը, որ Սերխիո Բուսկետսը համարվում է «Բարսելոնայի» խաղի գլխավոր համակարգողը: Առանց նրա կենտրոնում եղած կոնստրուկցիան փլուզվում է:

Անդրե Գոմեշի դաշտ դուրս գալու դրական հետևանքները

Նույնիսկ չեմ էլ ցանկանում մանրամասն վերլուծել Էնրիկեի հորինած խաղային սխեման, որով խաղում էր «Բարսելոնան» առաջին կեսում: Դա ոչ 3-4-3 էր, ոչ 4-3-3: Արդարության համար պետք է նշեմ, որ իսպանացի մասնագետն իրոք ինչ-որ արտառոց բան էր մշակել, սակայն մինչև վերջ այն ստանալ և կյանքի կոչել այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը նա սխալն ուղղեց երկրորդ կեսում՝ խաղադաշտ դուրս բերելով Անդրե Գոմեշին: Այո, այո, «Բարսելոնայի» երկրպագուների աչքի գրողը դարձած Անդրե Գոմեշին: Պորտուգալացու՝ խաղադաշտ դուրս գալը կարծես լրացրեց խաղային սխեմայում առկա բացը՝ հենակետային գոտին: Սխեման ստացավ հետևյալ տեսքը.

 

Այս քայլով թիմի խաղը համեմատաբար կայունացավ: Ռակիտիչն ու Ինիետան ավելի մեծ ազատություն ստացան:

Էնրիկեի սխալները

Հակիրճ այն սխալների մասին, որոնք ճակատագրական եղան «Բարսելոնայի» համար:

* Թերի պաշտպանական գիծը: Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» պաշտպանության կենտրոնում լավագույնը Ումտիտի – Պիկե զույգն է, իսկ Էնրիկեն չգիտես ինչու անընդհատ փորձում է բաժանել նրանց՝ արդյունքում պաշտպանական գիծը պառակտվում է:

* Ռոբերտոյին կենտրոնում օգտագործելու որոշումը: Նա իր արագությամբ կարող է բավական արդյունավետ լինել հենց եզրում:

* Նեյմարին ձախ կիսաեզրում օգտագործելը: Մոտավորապես այս դիրքում

Հաշվի առնելով, որ չկա նոմինալ ձախ պաշտպան, այս որոշումը միանշանակ սխալ էր, քանզի բրազիլացին ոչ միայն չէր գտնում իր խաղը, այլ նաև խանգարում էր կենտրոնական կիսապաշտպաններին:

Հետևություն

Լուիս Էնրիկեն պատասխան խաղում պետք է ընտրի 4-3-3 տակտիկական դասավորությունը: Չեմ զարմանա, որ Ալեգրին, իր հերթին, օգտագործի 3-5-2 սխեման, իսկ դրա իդեալական հակախաղը հենց 4-3-3-ն է՝ իր տոտալ ֆուտբոլով հանդերձ:

Հ.Գ. Առջևում կա 1 խաղ, 90 րոպե, լեփ-լեցուն «Կամպ Նոու»՝ 98 000 հավատարիմ երկրպագուներով: Այնպես որ, Visca el Barca!