Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ռոնալդուի 5-խաղյա որակազրկու՞մը: Ես գլուխ չեմ հանում իրավական հարցերից»

Մրցավարին հրելու համար Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի Սուպերգավաթի կիրակնօրյա խաղում հեռացվելուց բացի, որակազրկվել է ևս 4 խաղով: Բայց, ինչպես փոխանցում է Marca պարբերականը՝ Էռնեստո Վալվերդեն խուսափեց այդ պատժի մասին կարծիք հայտնելուց:

«Բլաուգրանայի» մարզիչը լրագրողներին տված հարցազրույցում ասել է. «Ես չգիտեմ արդար էր արդյո՞ք այդ պատիժը, թե՝ ոչ: Ես ասելու ոչինչ չունեմ: Ես չեմ հասկանում, թե ինչպես են աշխատում սանկցիաները: Ես գլուխ չեմ հանում իրավական հարցերից»:

Այս շաբաթ տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունը՝ կատալոնական ակումբի կողմից Պաուլինյոյի ձեռքբերումն էր, և Վալվերդեին խնդրեցին նշել, թե ինչ կարող է ավելացնել բրազիլացին նրա կազմում:

«Նա Բրազիլիայի ազգային թիմում կարևոր խաղացող է: Տեխնիկական տեսանկյունից, նա լավ խաղացող է և ուժեղ է նաև ֆիզիկապես: Նա կարող է մեզ նոր տարբերակներ առաջարկել, քանի որ թիմում նրա պես խաղացող այլևս չկա»:

Այս շաբաթ «Բարսելոնան», ձեռք բերելով մեկ խաղացողի, կորցնում է մյուսին, քանի որ Սամպերը պատրաստվում է հեռանալ ակումբից: Վալվերդեն իրավիճակը բացատրել է այսպես. «Ես խոսել եմ նրա հետ 3-4 օր առաջ, որպեսզի բացատրեմ, որ նա դեռ զարգացման փուլում է և պետք է փորձ ձեռք բերի մեկ այլ ակումբում, քանի որ այստեղ քիչ խաղաժամանակ է ստանալու: Ես ասել եմ, որ նա պետք է շարունակի զարգանալ, և ապագայում կարող է շատ կարևոր խաղացող լինել»:

Խոսելով Իսպանիայի Սուպերգավաթի 2-րդ խաղի մասին՝ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ չի պատրաստվում հանձնվել:

«Մենք պետք է օգտագործենք գոլ խփելու հնարավորությունները, բայց միաժամանակ պետք է վերահսկենք մրցակցի հակագրոհները, քանի որ նրանք այդ ոլորտում վարպետներ են: Մենք չենք ընդունում, որ մրցակիցը գերակայող էր այդ համակարգում, բայց նրանք առավել վճռական էին առաջին խաղում:

Այդուհանդերձ, ո՛չ «Ռեալ Մադրիդը», ո՛չ «Ատլետիկո Մադրիդը», ո՛չ «Բավարիան» մեզնից ուժեղ չեն:

Մենք այս խաղին մոտենում ենք բարդ արդյունքով, բայց անհնարին ոչինչ չկա:

Արդյունքները, որոնք «Բարսելոնան» գրանցել է վերջին տարիներին, ցույց են տալիս, որ մենք կարող ենք հաղթել»:

Նա նաև անդրադարձավ Պեպ Սեգուրայի՝ Ժերար Պիկեի ինքնագոլի դրվագում հնչեցված քննադատությանը՝ նշելով, որ դա պարզապես սխալ բառային ընտրության արդյունք էր: