Single Blog Title

This is a single blog caption

«Ռեալ» – «Բարսելոնա». Ի՞նչ են կարծում սպորտային լրագրողները

Ապրիլի 23-ին՝ Երեւանի ժամանակով 22:45«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հանդիպելու է դարավոր ու ոխերիմ թշնամուն՝ «Ռեալին»: Առաջիկա խաղի մասին իրենց կարծիքներով են կիսվել են կապտանռնագույն երանգների կողքով անտարբեր չանցնող հայ սպորտային լրագրողները:

Արման Առաքելյան – ArmSport.am-ի գլխավոր խմբագիր

Դարձյալ ֆուտբոլային մոլորակը պտտվում է Էլ Կլասիկոյի շուրջ: Անկախ ամեն ինչից՝ սպասվում է շատ խոստումնալից տոն: «Ռեալը» և «Բարսելոնան» մշտապես ապացուցել են, որ անկախ իրավիճակից՝ միմյանց դեմ խաղերում ամեն ինչ այլ է: Այնպիսի հանդիպում է, որ ֆուտբոլիստները կարծես իրենք չլինեն: Իհարկե, Նեյմարի բացակայությունը մեծ կորուստ է կատալոնական թիմի համար, սակայն բազմիցս համոզվել ենք, որ Էլ Կլասիկոներում ոչինչ միանշանակ չէ: Որքան էլ թիմերը լավ ուսումնասիրեն միմյանց, միևնույնն է՝ միշտ էլ անակնկալներ են լինում: «Բարսելոնան» ապացուցելու շատ բան ունի. հենց այդ հանգամանքը ֆավորիտ է դարձնում «կապտանռնագույններին»:

Հայկ Հովհաննիսյան – Sport.Times.am-ի լրագրող

Շատերը «Ռեալին» ֆավորիտ են համարում, ինչը վաղուց չէր եղել: Կարծում եմ` եթե հիմք կա նման կերպ մտածելու, ապա դրանք միայն թիմերի հոգեբանական վիճակից և մի փոքր էլ սեփական մարզադաշտի գործոնի պատճառով են: «Բարսելոնան» խնդիր ունի արտագնա հանդիպումներին տրամադրվելու և կազմակերպված գործելու հարցում, ինչը Կլասիկոյում ինքնըստինքյան վերանում է: Երբ թիմը տրամադրված է պայքարի, պրեսինգի դիմելու, ամբողջովին գերազանցում է մրցակցին, ինչպես դա տեսանք ՊՍԺ-ի ու «Յուվենթուսի» հետ պատասխան հանդիպումներում: Այո, «Կամպ Նոու» մարզադաշտում «Յուվեի» հետ «կապտանռնագույնները» հիանալի խաղացին:
«Ռեալն» իր գլխավոր մրցակցի նկատմամբ մեկ մեծ առավելություն ունի. երկրորդ հարկում խաղը: Մադրիդցիները այդ գործոնում աշխարհում լավագույններից մեկն են, և դա դարձել է նրանց գլխավոր զենքը: «Բարսելոնան», ընդհակառակը, թերանում է այդ հարցում: Լուիս Էնրիկեն իր աշխատանքի առաջին տարում լուծել էր ստանդարտների խնդիրը, սակայն այժմ այն կրկին լուրջ սպառնալիք է դարձել: Եթե «Բարսան» կարողանա երկրորդ հարկում չպարտվել Մադրիդին, ինչպես նաև կազմակերպված պրեսինգի դիմի, նվազագույնը չի պարտվի «Սանտյագո Բեռնաբեուում»: Նույնիսկ առանց Նեյմարի՝ կատալոնացիները գոլեր անպայման կխփեն, քանի որ հակառակորդը նույնպես հաջող չի պաշտպանվում:
Հաշիվը` 2:2 կամ 2:3

Միհրան Ալեքսանյան – Mediamax.am Sport-ի վերլուծաբան

Էլ Կլասիկոն եղել է, կա ու կմնա եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր ներկայացումը: Այս անգամ ևս սպասվում է դրամատիկ պայքար թե՛ տվյալ 90 + րոպեներում, թե՛ չեմպիոնական մրցավազքում: «Բարսելոնան», դուրս մնալով ՉԼ-ից, կարող է արդեն ուժերը կենտրոնացնել Լա Լիգայի վրա: Իսկ Մադրիդի «Ռեալը» պայքարում է երկու ճակատով: 3 միավորի տարբերությունը (կորցրած միավորներով՝ 6) չեզոքացնելը լիովին իրագործելի է:

Սպարտակ Պետրոսյան – Bookmaker Ratings Armenia-ի գլխավոր խմբագիր

Կլասիկոներում, անկեղծ ասած, ֆավորիտներ երբեք չեն լինում: Մադրիդյան ակումբը կարողանում է հաղթել «Նոու Կամպում», կատալոնացիները՝ «Սանտիագո Բեռնաբեուում»: Ասել է, թե ֆուտբոլային աշխարհի երկու գիգանտները միշտ կարող են մեկը մյուսին անակնկալ մատուցել:

Այս մրցաշրջանի առաջին խաղում «Բարսան» կորցրեց հաղթանակի շանսը՝ վերջին րոպեներին չկարողանալով հսկել Ռամոսին: Կորցրեց 2 շատ կարեւոր միավոր: Ժամանակն է ռեւանշի հասնել ու Մադրիդում հանդիպումը դրա համար հիանալի առիթ է:

Խաղին չի մասնակցելու այս մրցաշրջանում թիմի առաջատարը՝ Նեյմարը: Այնպես որ, Էնրիկեն լուրջ խնդիր ունի այս անգամ չսխալվել մարտավարության հարցում ու հասնել ցանկալի արդյունքի: Անկասկած՝ երկու թիմերի կողմից տեսնելու ենք բարձր պրեսինգ: Կարծում եմ՝ ցանկություններս ու իրականությունը կհամընկնեն, եւ մեր թիմը հաղթանակած կլքի Մադրիդը: Visca el Barca!