Պատմություն – Պենյա Բլաուգրանա Երեւան

Առաջին մտքերը

«Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբ բացելու գաղափարը դեռ կար 2015 թվականին: Այդ տարվա հունիսի 6-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բարսելոնա» - «Յուվենթուս» (3:1) խաղի համար կազմակերպված համատեղ դիտմանը ներկա էին 40 երկրպագու: Սակայն հետագա շարունակություն այդ ժամանակ չեղավ:

Առաջին քայլերը

2016 թվականի հուլիսի 4-ին առաջին անգամ Հայաստանից հարցում ենք ուղարկում «Բարսելոնա»՝ ֆան ակումբ բացելու գործընթացին ծանոթանալու համար: Մեզ ուղարկեցին ֆան ակումբ բացելու կանոնադրությունը, ըստ որի, այն պետք է ունենա նվազագույնը 70 անդամ, լինի ակտիվ, կազմակերպի միջոցառումներ, դիտումներ եւ այլն: Բացի այդ, ֆան ակումբը պետք է ունենար ղեկավար խորհուրդ՝ բաղկացած նվազագույնը 5 անդամից:

Առաջին էտապ

2016 թվականի օգոստոսի 5-ին «Բարսելոնա» ենք ուղարկում առաջին հայտը, որտեղ ներկայացված էին ակումբի առաջին հինգ անդամների անունները, անձնական տվյալները, ֆան ակումբի անունը եւ կոնտակտային տվյալները: Փաստաթղթում որոշվեց անունն ընտրել «Պենյա Բլաուգրանա Երեւան», որտեղի ՊԲ-ն «Բարսայի» պարտադրանքն է ու անփոփոխ է ցանկացածի համար: 8 օր անց «Բարսելոնան» պատասխանեց՝ «ձեր հայտը համապատասխանում է մեր պահանջներին եւ մենք կարող ենք շարունակել գործընթացը»:

Հիմնադիր խորհրդի ժողովը

2016 թվականի սեպտեմբերի 3-ին, Team Time անտիկաֆեում կայացավ Պենյա Բլաուգրանա Երեւանի հիմնադիր խորհրդի առաջին ժողովը: Դրան մասնակցում էին Սպարտակ Պետրոսյանը, Միհրան Ալեքսանյանը, Հայկ Ղազազյանը, Արթուր Պապիկյանը, Արամ Գրիգորյանը, Հարություն Քեշիշյանը, Ալֆրեդ Պետրոսյանը եւ Ազատ Շահբազյանը: Ժողովի արդյունքում միաձայն որոշվեց՝ Սպարտակ Պետրոսյանին ընտրել ֆան ակումբի նախագահ, Մ. Ալեքսանյանին՝ փոխնախագահ, Ա. Պապիկյանին՝ մամուլի քարտուղար: Հ. Ղազազյանն իր վրա վերցրեց իրավաբանական հարցերով աջակցությունը, Հ. Քեշիշյանը՝ գանձապահի պաշտոնը, Ա. Պետրոսյանը մարքեթոլոգն է, Ա. Գրիգորյանը՝ ֆաների ներգրավման բաժնի ղեկավարը, Ա. Շահբազյանը՝ սոցցանցերում էջերի պատասխանատուն

Ոչ պաշտոնական հայտարարություն

2016 թվականի նոյեմբերի 4-ին, Team Time անտիկաֆեում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի» խաղի ֆանզոնը, որին ներկա էր 40 երկրպագու: Առաջին անգամ ոչ պաշտոնական հայտարարություն եղավ պաշտոնական ֆան ակումբը ստեղծելու վերաբերյալ: Սակայն տեղեկությունը պահպանվեց գաղտնի եւս մեկ ամիս:

Հրապարակավ հայտարարություն

2016 թվականի դեկտեմբերի 7-ին ֆան ակումբի նախագահ Սպարտակ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «Բարսելոնայից» ստացված նամակն այն մասին, որ «կապտանռնագույնների» երկրպագուների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թոնի Ֆրեյրեն դրական է գնահատել մեր ներկայացրած հաշվետվությունն ու թույլ է տվել ավարտին հասցնել գործընթացը: Մեզ մնում էր միայն գրանցվել Հայաստանում՝ որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն:

Պաշտոնական գրանցում

2017 թվականի փետրվարի 2-ին «Պենյա Բլաուգրանա Երեւանը» գրանցվեց որպես Հասարակական կազմակերպություն: Դրանից հետո բացվեց բանկային հաշիվը, որի միջոցով երկրպագուները կարող են վճարել անդամավճարներն ու ներկայացնել քարտ ստանալու հայտը:

Վերջին քայլը

2017 թվականի հունիսի 1-ին «Պենյա Բլաուգրանա Երեւանը» պաշտոնական հայտարարություն տարածեց այն մասին, որ վերջին փաստաթուղթն ուղարկվել է «Բարսելոնա»: Դրանից հետո ակումբից պատասխան է եկել, որ մեր պաշտոնական հաստատման հարցը գրանցված է Տնօրենների խորհրդի առաջիկա ժողովի օրակարգում, որը պլանավորել են անցկացնել հունիսին:

Պաշտոնական

2017 թվականի հունիսի 19-ին «Բարսելոնայի» Տնօրենների խորհրդի հերթական գումարման ժամանակ 12 ֆան ակումբներ ստացան պաշտոնական կարգավիճակ, որոնց թվում էր նաեւ Պենյա Բլաուգրանա Երեւանը: