Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական հայտարարություն. Պենյա Բլաուգրանա Երեւան

«Պենյա Բլաուգրանա Երեւան – «Բարսելոնայի» երկրպագուների միավորում» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ ֆան ակումբի՝ պաշտոնական կարգավիճակ ստանալու վերաբերյալ բանակցությունները եւ գործընթացը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ մոտենում են ավարտին:

Օրեր առաջ մենք վերջին փաստաթղթային տվյալներն ենք ուղարկել Բարսելոնա, որտեղ դրանք հաստատվել են:

Ի պատասխան այդ տվյալների՝ «Բարսելոնայի» պաշտոնական երկրպագուների միջազգային ֆեդերացիան գրել է.

«Սիրելի Պենյա Բլաուգրանա Երեւան,

Տեղեկացնում ենք, որ ձեր ֆան ակումբը գրանցվեց պաշտոնական հաստատմանը սպասողների ցանկում եւ կհաստատվի Տնօրենների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ: Այն պլանավորված է անցկացնել հունիսին:

Պաշտոնական կարգավիճակ ստանալուց հետո դուք կստանաք իրավունք ձեր ակումբի անդամներին գրանցելու համար:

Կախված հաստատման օրվանից՝ նրանց առաջին քարտերը կստացվեն հուլիսին կամ հունվարին, քանի որ դրանք թողարկվում են ամեն մրցաշրջանի ընթացքում երկու անգամ:

Մենք կկապնվենք ձեզ հետ պաշտոնական կարգավիճակ ստանալուց անմիջապես հետո»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին մենք տեղեկություն էինք տարածել այն մասին, որ փետրվարին Հայաստանում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբ կբացվի:

Փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարեցինք, որ Պենյա Բլաուգրանա Երեւանը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն՝ հիմք ընդունելով «Բարսելոնայի» կողմից առաջադրված պահանջները: Այնուհետեւ մենք սկսեցինք մեր ֆաների անդամագրումն ու նրանց անդամավճարների հավաքագրումը՝ բանկային համակարգի միջոցով:

Մայիսի 4-ին մեր ֆան ակումբի հիմնադիրներից Հայկ Ղազազյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ շուտով մենք կստանանք պաշտոնական կարգավիճակ: Այդ մասին հարցազրույց վերցրեց PAN.am-ը: Մենք մանրամասն հայտնեցինք՝ ինչու ֆան ակումբը պաշտոնական կարգավիճակ չստացավ փետրվարին:

Հաշվի առնելով «Բարսելոնայի» տրամադրած տեղեկատվությունն այն մասին, որ ֆան ակումբի անդամների առաջին քարտերը կարող են հասնել հուլիսին, մենք կրկին բացում ենք անդամագրվելու եւ անդամավճարները ուղարկելու հնարավորությունը՝ մինչեւ հունիսի 30-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ: