Single Blog Title

This is a single blog caption

Ներկայացումն ավարտվեց, պաթոսը՝ ոչ

Վերջին տարիներին «Բարսելոնայի» առաջատարներից մեկը՝ Նեյմարը, փոխեց ակումբային գրանցումը:

Դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը (222 մլն եվրո)` բրազիլացին գնաց ՊՍԺ, որտեղ նրան գրկաբաց ու գրպանաբաց սպասում էին գրեթե մեկ ամիս:

Վերջին երկու-երեք շաբաթներին նրա տեղափոխվել-չտեղափոխվելու հարցը քննարկում էր ողջ աշխարհը: Սակայն այդ ամենը հիմնականում ոչ ադեկվատ, էմոցիոնալ բնույթ էր կրում, չէին դիտարկվում մեդալի երկու կողմերը:

Ի՞նչ պատահեց. 

1. «Բարսելոնայի» ղեկավարությունը գարնան վերջին սկսեց հետաքրքրվել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով: Ակումբը բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով փորձում էր բերել իտալացուն Կատալոնիայի մայրաքաղաք, սակայն ոչինչ չստացվեց:Խելայիֆին անդրդվելի էր, ասաց «ոչ» ու պահեց իր խոսքը մինչեւ վերջ (համենայնդեպս, դեռեւս պահում է): Վերատիի տրանսֆերի հարցում հաջողության հասնելու համար, գրեթե կասկած չկա, որ «Բարսան» նաեւ այլ, ոչ արդար ճանապարհներ էր փնտրել, օգտագործել, ինչը Նեյմարի տրանսֆերի մասին մտածելու տեղիք տալու առաջին քայլն էր:

2. Վերջերս «կապտանռնագույնները» նոր պայմանագիր ստորագրեցին Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ, ըստ որի, նրա հրաժարագինը կազմում է 180 միլիոն եվրո, ինչը մեծ զարմանք էր առաջացրել շատերի մոտ: Իսկ 222 մլն եվրոյանոց տրանսֆերն արդեն իրականացած է: Ասել է, թե Նեյմարի կարգի ֆուտբոլիստի համար անգամ նման հրաժարագինը շատ փոքր է: Ի դեպ, Ռոնալդուի, Բենզեմայի հրաժարագինը 1 միլիարդ է, Խամեսինը, Մոդրիչինը, Բեյլինը՝ 500 մլն: ՊՍԺ-ի ֆինանսական հնարավորությունները մեծ են, թիմը հանգիստ կարող էր վճարել 222 միլիոնը, իսկ ֆինանսական ֆեյր-փլեյի մասին այնտեղ հաստատ մտածել են: Նախեւառաջ՝ կարող են շրջանցել օրենքը բազմաթիվ ճանապարհներով, երկրորդ՝ առաջիկա 27 օրերին կվաճառեն մեկ-երկու անպետք ֆուտբոլիստի ու ամեն ինչ կընկնի տեղը:

3. Գումարը կա, մնաց Նեյմարի համաձայնությունը: Դա ստանալն այնքան էլ դժվար չէր: Առաջարկել գրեթե 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ, հիանալի պայմաններ, թիմի առաջատարի «պաշտոն», Էյֆելյան աշտարակ, հայրիկին էլ փաղաքշել: Վերջ՝ տրանսֆերը կայացած է:

Դավաճա՞ն է Նեյմարը

Նեյմարն արդեն ստորագրել է ՊՍԺ-ի հետ հնգամյա պայմանագրի տակ, այլեւս, մեծ հաշվով, ոչինչ փոխել չի լինի: Սակայն ոմանք նրան երկրորդ Ֆիգու են անվանում, ոմանք՝ դավաճան եւ այլն: Սակայն այս ամենը լոկ պաթոս է: Ինչու՞, որովհետեւ.

3.1. Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է Փարիզ, ոչ թե Մադրիդի «Ռեալ»: Ֆիգուի տրանսֆերին սա ոչ մի կերպ չի կարելի նմանեցնել:

3.2. Ֆեյսբուքում մի հիանալի մեկնաբանություն էր գրված այն մարդկանց մասին, որոնք զարմացած են ու բորբոքված Նեյմարի որոշումից: Ասում էր՝ «Երբ աշխատում ես ընկերությունում, որը քեզ վարձատրում է ամսական 300 հազար դրամ, եւ որոշ ժամանակ անց մեկ այլ վայրից քեզ առաջարկում են 500 հազար, դժվար թե հավատարմությունդ ցույց տալու համար չընդունես նոր առաջարկը»: Համեմատե՞նք 9 միլիոնն ու 27 միլիոնը, թե՞ պետք չէ: Եվ այո, ոչ ոք բարոյական իրավունք չունի որեւէ մեկին մեղադրել փողի համար այլ թիմ գնալու համար, եւ, իրոք, Նեյի աշխատավարձի զգալի բարձրացումն այս տրանսֆերի գլխավոր հաղթաթուղթն էր, որին «Բարսելոնան» միանշանակ չէր կարող պատասխանել:

3.3. Նեյմարը «Բարսա» տեղափոխվել է 21 տարեկանում: Նա ֆուտբոլի նոր Պելեն էր, Ռոնալդինյոն, պատրաստվում էր մեր թիմի կազմում նվաճել Ոսկե գնդակը, լինել Մեսսիից ավելի լավը, սակայն 4 տարվա ընթացքում նա մնաց միայն Մեսսիի շողքի տակ, ոչ ավելին: Եղան խաղեր, որոնցում մենք չէինք հաղթի՝ առանց բրազիլացու: Վերջին մրցաշրջանում նա պարբերաբար դառնում էր առաջատարը, ստեղծողը, կառուցողը, սակայն դա անկայուն էր, իսկ Մեսսին մնում է իր բարձրության վրա: Վերջիվերջո, Նեյմարն այդպես դեռ երկար ժամանակ չէր կարողանա դուրս գալ արգենտինացի ընկերոջ շողքից, իսկ ֆուտբոլիստը կարիերայում պետք է հավակնոտ լինի:

3.4. Եվ վերջապես, յուրաքանչյուրն ունի ազատ ընտրության իրավունք, որի համար մեղադրելը, մեղմ ասած, ադեկվատ չէ (բացառություն՝ տրանսֆերը դեպի Մադրիդ):

«Բարսելոնան» գո՞հ է

Իհարկե գոհ է: Թիմը երկու տրանսֆերի կարիք ուներ, սակայն պատրաստ չէր 100 միլիոն եվրոյից ավել ծախսել դրանց համար: Հիմա կա 220 միլիոն, եւս 50-60 կարելի է ավելացնել, մի փոքր գումար խնայել եւ երեք հզոր տրանսֆեր անել՝ ուժեղացնել մեկ-երկու գոտի ու փակել Նեյմարի դիրքը:

Մասնավորապես՝ կարելի է 100 միլիոնով բերել Ուսման Դեմբելեին: Ֆրանսիացին 20 տարեկան է, երկու ոտքերն էլ հավասարաչափ զարգացած են, կարող է խաղալ հարձակման թե՛ ձախ, թե՛ աջ եզրերում:

Կարելի է կրկին փորձել ձեռք բերել Վերատիի տրանսֆերը, աչք դնել Ադրիեն Ռաբյոյի վրա, որը վերջին մրցաշրջանում հիանալի մարզավիճակ ուներ: Դիտարկել նման եւս մեկ-երկու տարբերակ, կամ էլ վստահել թիմում մնացած կիսապաշտպաններին եւ գնել նաեւ Դիբալային: Մնացած 30-40 միլիոն եվրոյով էլ կարելի է մտածել, օրինակ, մեկ կենտրոնական պաշտպանի գնելու մասին:

Մեր թիմի երկրպագուների հիասթափությունը հասկանալի է, սակայն դա աստիճանաբար վերածվում է պաթոսի: Այնպիսի պաթոս, որ երկրպագուները սկսել էին զուգահեռներ անցկացնել Նեյմարի տրանսֆերի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, ինչն արդեն աբսուրդի գագաթնակետն էր եւ ոչ ադեկվատ լինելու մասին էր փաստում:

3 գործողությամբ ներկայացումը, այսպիսով, ավարտվեց: Իսկ կյանքը շարունակվում է:

Վարագույր: