Single Blog Title

This is a single blog caption

Մենք փորձեցինք …

Գիտեք՝ հաճախ սիրելի մարդիկ, երեւույթներն իրենց ձեռքերով քեզ բարձրացնում են յոթերորդ երկինք: Այնտեղ դու տեսնում ես անհավանականը, երազանքներն իրականություն են դառնում, անհնարինը՝ հնարավոր: Երազանքները վատ բնավորություն ունեն՝ վիրուսի պես հայտնվում են օրգանիզմումդ ու մինչեւ վերջին բջիջը վարակում: Հաղորդում են կյանքին նոր գույներ կամ պարզապես այն դարձնում իրականում գունավոր: Դու կամա-ակամա շարունակում ես ամենուր ու ամեն ինչ պատկերացնել այդպես, կտրվել իրականությունից ու տարվել պատրանքներով:

Մեր լավագույն երազներն իրականության նման երկու գույն ունեն, միայն թե՝ կապույտ ու նռնագույն: Ու դրանցից անմոռանալին բոլորովին վերջերս էինք տեսել: Ցավոք սրտի, մենք ունակ չէինք այդքան արագ ու ընդհանրապես մոռանալ այն ու հետ բերել ադեկվատ մտածելակերպը: Մեզ մոլորակ հետ վերադարձրեց սեւ-սպիտակ իրականությունը, որի վերջին կանգառը «Նոու Կամպն» էր:

Մենք փորձեցինք, մենք նվիրվեցինք 101%-ով, մենք ամեն ինչ արեցինք: Խաղացինք 3 հարձակվողով, հետո 4, հետո 5, հետո 9, բայց չստացվեց: Բայց իրոք՝ մենք փորձեցինք: Ու բոլորովին էլ մեղավոր չենք, որ չստացվեց: Մենք մեղավոր ենք, որ թույլ տվեցինք երեք անգամ ցած ընկնել յոթերորդ երկնքից մեկ շաբաթ առաջ:

Ու ինչպես միշտ, նման խաղերից հետո հիասթափությունը մեղմելու համար օգնության են գալիս հույսերն ու զգացմունքները: Հույսերը, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի, որ մենք կվերադառնանք ու կրկին պատմություն կկերտենք: Եվ զգացմունքները, այնքան գեղեցիկ, որ մնացին վերջին րոպեներին 97000 երկրպագուների շնորհիվ, որոնք կրկին անգամ ապացուցեցին, որ հակառակորդը հզոր ակումբ է, իսկ մենք՝ ավելին, քան ակումբ: