Single Blog Title

This is a single blog caption

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն. «ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ԱԴԱՄԱՆԴԸ». Մաս 1

Բարսայի այսօրվա սերնդի երկրպագուները ճանաչում են կապտանռնագույն դարպասի երեք պահապանների՝ Վիկտոր Վալդեսին, Կլաուդիո Բրավոյին և Մարկ-Անդրե Տեր-Շտեգենին: Կարելի է հպանցիկ կամ ոչ առանցքային կերպարների էլ արձանագրել, ինչպես Ռեջբեր Ռուշտուն, Խոսե-Մանուիլ Պինտոն, Ռոբերտո Բոնանոն, իսկ անմիջապես այսօր՝ նաև Յասպեր Սիլլեսենը: Ավելի  ավագ սերնդի երկրպագուները հավանաբար կհիշեն պորտուգալացի Վիտոր Բայային, լեգենդար Անդոնի Սուբիսարետտային: Միգուցե սույն տողերն ընթերցողներից ոմանք նաև հիշեն Սալվադոր Սադուրնիին կամ որ քիչ հավանական է՝ Անտոնի Ռամալյետսին:

Բարսան լավ դարպասապահներ միշտ ունեցել է, սակայն համաշխարհային մակարդակի «կիպերներ» նրանց մեջ շատ չեն եղել: Որպես օրինակ կարելի է հետևել Վիկտոր Վալդեսի կարիերային: Կատալոնացին, լինելով կանտերանո, Բարսայի կազմում շահելով բազմաթիվ մրցանակներ և սահմանելով մի շարք ակումբային և համաիսպանական ռեկորդներ, այդպես էլ չգնահատվեց որպես աստղային դարպասապահ: Իսպանիայի հավաքականի կազմում նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ Իկեր Կասիլյասի ստվերից, իսկ ակումբում նա անվերջորեն  քննադատվում էր իր անփույթ խաղի և աններելի սխալների համար: Ի վերջո այդ ամենը նրան հոգնեցրեց և Վիտյան հեռացավ թիմից:

Մարկ-Անդրեն Բարսայի շարքերը համալրել է 2014թ. մայիսին՝ որպես Վալդեսին փոխարինող: Մյունխենգլադբախյան Բորուսիայի երկրպագուները արցունքներով ճանապարհ  դրեցին թեկուզ 22-ամյա, սակայն արդեն իրենց սերն ու համակրանքը նվաճած Մարկին: Նոր թիմը՝ 21-րդ դարասկզբի Բարսելոնան, մեծագույն մարտահրավերն էր պատանի գերմանացու համար: Սակայն նույն թվականին, Իսպանիայի առաջնության նոր սեզոնի մեկնարկից քիչ առաջ ստացավ մեջքի վնասվածք, և թիմը շտապ կարգով ձեռք բերեց չիլիացի Բրավոյին: Լուիս Էնրիկեն հետագայում սկսեց ավելի ու ավելի վստահել Կլաուդիոյին, և նույնիսկ վնասվածքը բուժելուց հետո Մարկ-Անդրեն այդպես էլ առաջնության ոչ մի խաղի չմասնակցեց: Իհարկե գավաթային հանդիպումներում նա կարողացավ անցկացնել 21 խաղ (8-ը Իսպանիայի գավաթում, 13-ը չեմպիոնների լիգայում), և դարձավ էնրիկեական «թրեբլի» գործող անձանցից մեկը, սակայն ակնհայտ էր, որ նա զիջում է մրցակցությունը  դարպասի չիլիացի պահապանին:

Ավելի բարդ էր Մարկի վիճակը 2015-16 մրցաշրջանում, երբ թիմը դուրս մնաց չեմպիոնների լիգայից՝ չմտնելով նույնիսկ կիսաեզրափակիչ: Միայն իսպանական գավաթի հանդիպումների ժամանակ դարպասում տեղ գրավելը սկսեց ձանձրացնել գերմանացուն, և սոցցանցերում հայտնվեցին նրա հեռանալու մասին տեղեկություններ: Ճիշտ է, այդ սեզոնի ընթացքում Տեր-Շտեգենը առաջնության յոթ խաղում պաշտպանեց Բարսայի դարպասը, սակայն հարկ է ասել, որ այդ խաղերից երկուսը առաջնության վերջին խաղերն էին, երբ Բարսան ճանապարհ հարթեցնող գլդոնի նման անցնում էր մրցակիցների վրայով՝ դեպի հերթական չեմպիոնություն, իսկ մնացածները բաժին ընկան առաջնության սկզբնամասին, երբ Բրավոն վնասվածք էր ստացել: Ահա հենց այդ խաղերն էլ ճակատագրական եղան Մարկի հետագայի համար. Բարսան այդ խաղերում կրեց երկու ցավալի արտագնա պարտություն: Ամենացավալին թերևս Սելտայից ստացած ապտակն էր 4-1 հաշվով:

Բայց ի պատիվ գերմանացի «կիպերի», պետք է նշել, որ Մարկը չհիասթափվեց համեմատաբար անհաջող սեզոնի արդյունքներից և հաստատապես որոշեց մնալ Բարսայում: Փոխարենը կապտանռնագույն մարզաշապիկը բաց կապտավունով փոխեց Բրավոն, և տեղափոխվեց մառախլապատ Ալբիոն:

Նոր՝ 2016-17 սեզոնը Մարկը սկսեց որպես հիմնական դարպասապահ՝ չնայած թիմը ձեռք էր բերել Այաքսից Սիլլեսենին:

Գաղտնիք չէ, որ Բարսայի շատուշատ երկրպագուներ այդ թիմը սիրում են ոչ թե նրա նվաճումների ու տարած մրցանակների համար, այլ առավելապես՝ նրա ցույց տված խաղի, ակումբի գործունեության հիմքերում արմատավորված սկզբունքների, նրա դավանած գաղափարների և հատկապես՝  նրա խաղացողների ոգու ու ոչնչից չընկճվելու կարողությունների համար:

Չգիտեմ՝ երկրպագուներից ով ինչպես է գնահատում Մարկի կապտանռնագույն արյունը, բայց համոզված կարելի է պնդել, որ նրա արյունը ազնվական է:

Հիշենք մի դրվագ. 2017թվական, մարտի 8: Արդեն հիրավի լեգենդի նմանվող այդ օրը «Կամպ Նոուն» ականատես եղավ աննախադեպ մի իրադարձության, որը ցունամիի պես ցնցեց ֆուտբոլային աշխարհը:

….Խաղի 62-րդ րոպեն է: Բարսան արդեն հաղթում է 3-0 հաշվով, բայց Էդինսոն Կավանին կարողանում է իր երկրորդ վտանգավոր հարվածը հասցնել նպատակին՝ 3-1: Կարծես թե Բարսան դուրս է մնում մրցաշարից:

Կապտանռնագույն մարզաշապիկով տղաները  թթվել են. հումորաշատ Պիկեի դեմքին նայել չի լինում, թևաթափ Ինյեստան տեղը զիջում է Թուրանին և ուղղվում դեպի պահեստայինների նստարանը, Ռակիտիչը  ֆրանսիացի գործընկերների հետ խոսելիս  պարտվողական կեցվածք է ընդունում:

Եվ այդ պահին վիթխարի  «Կամպ Նոուի» մեռելային լռության մեջ տղաների ականջին է հասնում Մարկ-Անդրեի փոքր-ինչ հիստերիկ և միաժամանակ ոգեցնցող ճիչը. «Մենք երբեք չենք մեռնի՛…Մենք Բարսան ենք… Մենք  հաղթելու ենք… մենք հաղ-թե-լու՛ ենք…»: Մասկերանոն դատապարտված նայում է Բուսկետսին և շշնջում.«Մեր Մարկը ցնդել է»:

Երկու րոպե է անցնում: Բարսայի հուսահատված պաշտպանները ևս մեկ անգամ թույլ են տալիս Կավանիին ներխուժել տուգանային հրապարակ. ուրուգվայցին  հարվածում է. «Նոու Կամպը» հուսահատված ճչում է՝ ո՛՛չ: Երկրորդ գոլը միանգամից խաչ էր քաշում Բարսայի հույսերի վրա:

Եվ Մարկը կարողանու՛մ է  ոտքով ետ մղել այդ հարվածը:

Դա այդ խաղի թերևս ամենաանկյունաքարային պահն էր: Եթե Մարկը չկարողանար ետ մղել ուրուգվայցու հարվածը, ապա միգուցե Բարսան հաղթեր, սակայն խաղը կընդուներ գորշ գույն, և անկարելի կլիներ տեսնել խաղավերջի հեքիաթային տասը  րոպեները, երբ ՊՍԺ-ի խաղացողները չէին կարողանում մինչև երեք փոխանցում կատարել միմյանց:

Նեյմարը հրաշալի գոլ է խփում տուգանայինից, ապա 11 մետրանոցով հաշիվը դարձնում է 5-1: Դա շատ լավ է, սակայն բավարար չէ դիմակայության հաղթողին որոշելու համար:

Խաղի վերջին րոպեն է. ադրենալինը հորձանք է տալիս ֆուբոլի նկատմամբ թեկուզ չնչին հետաքրքրություն ունեցողների երակներում. ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ. «Կամպ Նոուն» ալեկոծվում է… Բարսան ստացել է տուգանային հարվածի իրավունք, և Մարկը մոռանում է իր անմիջական պարտականությունների մասին ու խելակորույս նետվում է մրցակիցների տուգանային հրապարակ: Այդ հարվածը ֆրանսիացիները ետ են մղում, դաշտի կենտրոնում գնդակին տիրում է Տերը: Նա գոռում է խաղընկերներին՝  ես այստե՛ղ եմ, որպեսզի  նրանք ետ չդառնան, մնան իրենց տեղերում: Մարկին կոպիտ սահանքումով վայր է գցում Վերատտին: Գերմանացին  չի նվնվում. վեր է կենում ու նորից վազում մրցակցի տուգանային…

Հետո-ն գիտենք բոլորս. հետո Նեյմարը ոսկերչական փոխանցում է կատարում, հետո երիտասարդ Ռոբերտոն դուրս է նետվում պաշտպանների թիկունքների ետևից, հետո «Կամպ Նոուն» թնդում է տասնյակ հազարավոր բղավոցների դղիրդից, և ֆուտբոլային աշխարհն արձանագրում է իր պատմության ամենաանհավատալի «քամբեքներից» մեկը, եթե ոչ ամենաֆանտաստիկը:

Խաղից հետո…. Այ այսպես է անարդարությունը սիրում հանդես գալ. աշխարհը քննարկում էր երկու խաղացողի՝ ֆենոմենալ խաղ ցուցադրած և վերջին երեք գոլերում վճռորոշ նշանակուկություն ունեցած Նեյմարին, և երկրպագուների հետ միասին 6-րդ գոլը նշելու համար գովազդային վահանակի վրա ցատկած ու ցնծացող Մեսսիին: Տեր Շտեգենի գործոնը անմիջապես մոռացության տրվեց ….

Դժվար է հիմա պնդել, թե ինչպես է ընդունել կատալոնյան գերմանացին այդպիսի վերաբերմունքը. Նման պահերը կարող են հոգեբանորեն ծանր ազդել յուրաքանչյուրի վրա: Երբ թիմում գրեթե ոչ ոք չի հավատում հրաշքի, երբ բոլորը, նույնիսկ իսպանացի ու անգամ կատալոնացի խաղընկերներդ  ընկճվել են,  իսկ դու ոգևորում ես նրանց, անօրինական սեյվով փակում ես երկրորդ գնդակի ճանապարհը, ցավալի հարված ես ստանում ոտքիդ ու իսկական տղամարդու պես կարողանու  ես մարտնչել մինչև վերջ, և …

Բայց դա Տեր Շտեգենին գնահատելու այդպիսի միակ դեպքը չէ:

Շարունակությունը՝ շուտով..

Նորայր Բաղդասարյան