Single Blog Title

This is a single blog caption

Կրիշտիանու Ռոնալդուն, Մեսսին և Բուֆֆոնը հավակնում են ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացողի կոչմանը

Պաշտոնապես հրապարակվել են ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների անունները: Ամեն ինչ պարզ կդառնա օգոստոսի 24-ին՝ Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ»), Լեոնել Մեսսին («Բարսելոնա») և Ջանլուիջի Բուֆֆոնը («Յուվենթուս») այն երեք թեկանծուններն են, ովքեր կպայքարեն տղամարդկանց անվանակարգում հաղթողի կոչման համար:

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն դարպասապահի թեկնածուներն են՝ Ջանլուիջի Բուֆֆոնը («Յուվենթուս»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ»):

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն պաշտպանի թեկնածուներն են՝ Լեոնարդո Բոնուչին («Յուվենթուս», այժմ «Միլան»), Մարսելոն («Ռեալ Մադրիդ»), Սերխիո Ռամոսը («Ռեալ Մադրիդ»):

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի թեկնածուներն են՝ Կազեմիրոն («Ռեալ Մադրիդ»), Տոնի Կրոսը («Ռեալ Մադրիդ»), Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ»):

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2016-2017 մրցաշրջանի լավագույն հարձակվողի թեկնածուներն են՝ Պաուլո Դիբալան («Յուվենթուս»), Լեոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ»):

European Sports Media-ի հետ համատեղ ստեղծված այս մրցանակը տրվում է տարվա լավագույն խաղացողներին, անկախ ազգային պատկանելությունից, ովքեր նախորդ մրցաշրջանը անց են կացրել ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիայի տարածքում:

Հաշվի են առնվում խաղացողների ելույթները բոլոր մրցաշարերում (ազգային, մայրցամաքային և միջազգային): Ժյուրին կազմված է ՈՒԵՖԱ-ի անդամ միությունները ներկայացնող մարզական լրագրողներից, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգայում խաղացած թիմերի մարզիչներից: Ընդ որում՝ մարզիչները չեն կարող ձայն տալ իրենց թիմը ներկայացնող խաղացողներին:

Քվեարկությունը կատարվում է հետևյալ կերպ՝ 55 մասնակից ֆեդերացիաները ներկայացնող լրագրողները ներկայացնում են իրենց՝ նախապես կազմած թոփ 5 խաղացողների ցուցակը:

Առաջին տեղում նշված խաղացողը ստանում է 5 միավոր, 2-րդը՝ 4, և այդպես շարունակ: Այնուհետև քվեարկությունը անցկացվում է առավելագույն ձայներ ստացած 10 խաղացողների միջև, և արդյունքում առանձնացվում են հաղթողի 3 գլխավոր հավակնորդները: Այս տարի նրանք են՝ Լեոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Ջանլուիջի Բուֆֆոնը:

ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, նույն 55 լրագրողները հաղթողին կորոշեն ուղիղ եթերում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, նախապատվությունը տալով 3 թեկնածուներից որևէ մեկի օգտին: