Single Blog Title

This is a single blog caption

Անմոռանալի կլասիկոներ. պատմում են Բարսամանները

Ալբերտ Գեւորգյան.

Տոտալ եւ գեղեցիկ ֆուտբոլը vs հակաֆուտբոլի
Խոսեպ Գվարդիոլա vs Ժոզե Մոուրինյո
Հաղթանակ ! Ահա թե ինչ է «Բարսելոնան» վաստակել արյունով ու քրտինքով: Սա այն է, ինչ վաստակել է իր ֆուտբոլային փիլիսոփայությանը նվիրվելու արդյունքում։
Այս խաղում լարվածության աստիճանը այնքան շատ էր, որ թվում էր, թե ինչ-որ մեկը կամ մի քանիսը կպայթեն։ Լարվածության աստիճանն իր կիզակետին հասցրին հենց մադրիդցիները իրենց կոպիտ, եւ տեղ-տեղ ոչ ֆուտբոլային պահվածքով։ «Բարսելոնան» փորձում էր իջեցնել խաղի լարվածության աստիճանը կիրառելով իր փիլիսոփայության ամենավառ կետերից մեկը ՝ տոտալ ֆուտբոլը։ Չնայած այդ գիշեր անգամ դա չօգնեց, մադրիդցիները սահմանել էին մի կետ, մի սահման, որից ներքեւ մտադրություն չունեին ամենեւին իջնելու։ Մադրիդցիների պաշտպան Պեպեի՝ կարատեին բնորոշ հնարքից հետո կրքերը ավելի թեժացան: Իսկ նրան խաղադաշտից հեռացնելուց հետո երեւաց նաեւ մադրիդցիների նորաթուխ մարզչի իսկական դեմքը։ Ֆուտբոլային արդարությունը վերականգնվեց Մեսսիի շնորհիվ 76-րդ եւ 87-րդ րոպեներին։ Արգենտինացու երկրորդ գնդակը իսկական գլուխգործոց էր։ Խաղավերջի ամենահիշարժան պահերից էր այն, որ «Բարսելոնայի» կազմում համարյա թե բոլորը Լա Մասիայի սաներն էին, իսկ երկրպագուները չէին դադարում վանկարկել «Գվարդիոլա-Գվարդիոլա»։ Չնայած նրան, որ Գվարդիոլան խաղային բոլոր առումներով մի քանի գլուխ առաջ անցավ «յուրահատուկից», իր վերջին խոսքն ասաց հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ – Let your game do the talking։
Այս խաղը իմ հիշողության մեջ աչքի ընկավ տոտալ եւ գեղեցիկ ֆուտբոլը՝ ընդդեմ հակաֆուտբոլի, իսկ պատմության էջերից մեկում մնաց Մեսսիի ֆանտաստիկ գոլը։ Այս խաղի դերը շատ մեծ էր այդ ժամանակ թիմի համար, անցնելով Մադրիդին, մեր ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի 4-րդ գավաթը։

Հարություն Քեշիշյան.

Կլասիկոները ամեն մրցաշրջանի ամենասպասված խաղերից են ու այդ խաղերից շատերն իրենց զարգացումով կամ արդյունքով երբեք չեն մոռացվում, բազմաթիվ կլասիկոներ ենք տեսել, որոնցում կատարյալ գերազանցել ենք մեր հավերժ հետապնդողներին, բայց այսօր կհիշեմ մի խաղ, մի մրցաշրջան, որը նման է ներկա մրցաշրջանին, «Բարսելոնան» ցույց չի տալիս սպասված խաղը, փառահեղ մրցաշրջաններից հետո այն ժամանակ էլ, հիմա էլ մեր խաղը անկում է ապրում, խոսքը 2006/07 թթ. մրցաշրջանի պատասխան կլասիկոյի մասին է, մարտ ամսին, «Կամպ Նոու» մարզադաշտում, որն ավարտվեց 3:3: Ինչով էր հիշարժան այդ խաղը, հիշում եմ, ուշ ժամի էր, ես էլ մենակ էի նայում, բոլորը քնել էին: Մրցաշրջանը համարյա ձախողվել էր, «Բարսան» անցած տարվանը չէր, անկախ դրանից այդ խաղից սպասում էի հաղթանակ ամեն գնով, որովհետև հաջող անցկացրած կլասիկոները հաճախ փոխհատուցում են ձախողված մրցաշրջանը: Ակնհայտ էր «Ռեալի» լավ մարզավիճակը ինչպես մրցաշրջանում, նենց էլ այդ խաղում, Ֆաբիո Կապելլոյի պինդ ու ուժեղ «Ռեալն» էր, որի հետ չեմպիոնական պայքարը հավասար տարանք, բայց մենք մեր հունի մեջ չէինք: Խաղի ընթացքում «Ռեալն» առաջ էր անցնում հաշվի մեջ, մենք էլ համառ ու նվիրված խաղի շնորհիվ հավասարվում էինք, այս սցենարով ընթացավ ամբողջ խաղը, Ռոնալդինյոն այդ օրը ցույց չտվեց այն խաղը, որը սպասում էինք իրենից, բայց փոխարենը կար մի նոր ճրագ, 20 տարեկան փոքրամարմին, բայց շատ ճարպիկ ու արագ՝ Մեսսի անունով, նախորդ մրցաշրջանում Մեսսին արդեն վաստակել էր հիմնական կազմում խաղալու իրավունքը, բայց դեռ չէր ապացուցել, որ հենց ինքը պիտի եռյակ կազմի Ռոնալդինյոյի ու Էտո՛օի հետ, Կլասիկոյում ամեն ինչ հաստատվեց, Մեսսին մեկը մեկից սիրուն 3 գնդակ ուղարկեց այդ ժամանակ լավագույն դարպասապահ Կասիլյասի դարպասը, որոնցից մեկը` վերջին րոպեին, ու փրկեց թիմին պարտվելուց…խաղից հետո ինձ արդեն չէր հետաքրքրում հաշիվը, էլ չէի մտածում տիտղոսներ վերցնելու մասին, ես հիացած էի Մեսսիով, «Բարսան» հրեշ էր ստեղծել, հրեշ, որ էսօր դարձել է ֆուտբոլի Արքան: Միգուցե այսօր էլ մի նոր հրեշ ծնվի Կլասիկոյի ընթացքում, միգուցե Արքան կրկնի 2007-ի փառահեղ խաղը, չգիտեմ, բայց հավատում եմ իմ թիմին, ոնց որ միշտ եմ հավատացել: Visca Barça!!❤️💙

Արամ Գրիգորյան.

Առանձնահատուկ զգացողություններով եմ հիշում 2004/05 թթ. մրցաշրջանի առաջին Կլասիկոն, որը տեղի էր ունենում «Կամպ Նոու» ստադիոնում: Մոտավորապես արդեն 1 տարի էր, ինչ տարվել էի «Բարսելոնայով»: 11 տարեկան, դպրոցական ու բակային ակտիվ շրջան. տարբեր նախասիրություններ, որոնցից ամենապոպուլյարն, այն ժամանակ, հիմնականում տղաների շրջանում, բնականաբար, ֆուտբոլն էր:
Խաղի նախօրյակին արդեն աժիոտաժը սկսվել էր հասակակիցների (ու ոչ միայն) շրջանում: Բայց դա, կարելի էր ասել, միակողմանի էր: Բոլորը սպասում էին Զիդանի, Բեքհեմի, բրազիլացի Ռոնալդոյի, աստղերով լեցուն թիմի խաղին, որը մրցելու էր մեր քաղաքի մասշտաբով նոր-նոր անուն հանած “ինչ-որ” թիմի դեմ: Ու դա էլ, կարծում եմ, հավելյալ պատճառ էր, որպեսզի իմ շրջապատում էլ սկիզբ դրվեր «Բարսելոնա» – «Ռեալ» հակամարտությանը:
Եկավ խաղի օրը, թեման մեկն է. շուրջբոլորը միայն լսվում է «Ռեալի» ու այդ թիմի խաղացողների անունները: Այսօրվա նման հիշում եմ բակում ընկերոջս զարմանքն ու չռված աչքերը, երբ իր հարցին, թե նայելու եմ արդյոք խաղը, պատասխանեցի` նայելու եմ, բայց «Բարսելոնա» եմ երկրպագելու:
Խաղին մնացել էր 10 րոպե. պրոբլեմներ առաջացան մեր այն ժամանակվա հին, սև ու սպիտակ (черно-белый) հեռուստացույցի հետ: Կարծես սառը ցնցուղ լիներ: Ամբողջ օրը պատրաստվել, խոսել էի այդ խաղի մասին ու հանկարծ վտանգ կար, որ հնարավոր է չնայեի երկար սպասված, կոնկրետ ինձ համար` գերպրինցիպիալ խաղը: Հայրս տեսնելով իմ վիճակը, առաջարկեց, որ խաղը նայենք հարևանի տանը: Մեծ ոգևորությամբ ընդունեցին ու իհարկե անակնկալ տեղի չունեցավ. հարևան հայր ու որդի «Ռեալի» երկրպագու էին: Քանի որ հայրս էլ էր «Ռեալի» երկրպագու, ստացվեց, որ ես մենակ եմ երեքի դեմ, այն էլ` բոլորից տարիքով շատ փոքր: Ճիշտ է, հարևանի հեռուստացույցը նույնպես սև ու սպիտակ էր, բայց բարեբախտաբար լավ էր ցույց տալիս:
«Բարսելոնան» խփում է առաջին գոլը. բոլորը բողոքում են Մադրիդի ֆուտբոլիստների գործողություններից, բացի ինձանից: Ես դեռ ամաչում էի հարևանի տանը, մանավանդ գիշերվա այդ ժամին` ցույց տալ էմոցիաներս: Բարսելոնան խփում է 2-րդ գոլը. նույն տեսարանն է, բայց ես արդեն գոհ ժպտում եմ: Բայց երբ արդեն «Բարսան» խփեց երրորդ գոլը, այդ ժամանակ չդիմացա ու ուրախությունից գոռացի:
Լսվեց մրցավարի սուլիչը: «Բարսելոնա» 3:0 «Ռեալ Մադրիդ»
Eto’o⚽, Gio, ⚽Ronaldinho⚽ (չշփոթել հաջորդ մրցաշրջանի «Ռեալ» 0-3 «Բարսա» խաղի` Ռոնալդինյոյի բենեֆիսի հետ. դա արդեն առանձին պատմություն է):
Բոլորը զարմացած ինձ էին նայում. լսվում էր` “փաստորեն երեխեն մեր դեմ էր ու միայն ինքն ա ուրախ”, “ճիշտ են էլի ասում, որ թշնամին ներսից ա ըլնում” չարախինդ արտահայտությունները 🙂 : Իսկ ես ՀՊԱՐՏ էի ու ՀՊԱՐՏ ԵՄ առ այսօր:
Visca el Barça y Visca Catalunya!
😍