«Բարսելոնայի» դուրս մնալուց 75 տարի անց...

Ո՞վ հետ բերեց մեր թիմին

Ինչպե՞ս «Բարսան» 4 րոպեով հայտնվեց Սեգունդայում. 75 տարի անց

«Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկ», «Ինտեր», «Համբուրգ», «Բենֆիկա», «Բոկա Խունիորս», «Ֆլամենգո». ի՞նչ ընդհանուր բան կա այս թիմերի միջև: Այս թիմերը երբեք չեն հայտնվել երկրորդ դիվիզիոնում: Իրենց պատմության ամբողջ ընթացքում, տարեցտարի, նրանք պայքարը մղել են ազգային առաջնության էլիտայում: Եվ ոչ միայն նրանք: Ամբողջական ցանկն իր մեջ մոտ 17 թիմ է ներառում, և ինչը հատկանշական է՝ այնտեղ չկա ԱՊԼ-ն ներկայացնող և ոչ մի թիմ:

Իսպանիան այս ցանկում երեք ներկայացուցիչ ունի, չնայած դրանցից մեկին՝ «Աթլետիկին», մոտ տասը տարի առաջ մեկ քայլ էր բաժանում դուրս մնալուց: 2007 թվականի հունիսի 18-ին բասկերի ճակատագիրը վճռվում էր դրամատիկ առաջնության վերջին տուրում, և եթե չլիներ «Լևանտեի» նկատմամբ հաղթանակը (2:1) Սեգունդան գրկաբաց կընդուներ նրանց:

Սակայն քչերն են հիշում, որ սրանից երկար տարիներ առաջ՝ 1942 թվականին, նման իրավիճակում հայտնվել է իսպանական ևս մեկ գրանդ՝ «Բարսելոնան»: «Կապտանռնագույններն» անցումային խաղում պետք է մրցեին «Մուրսիայի» հետ, որը Սեգունդայում հիանալի մրցաշրջան էր անցկացրել: Խաղի նկատմամբ հետաքրքրությունն առավելագույն աստիճանի հասցնելու նպատակով որոշում կայացվեց հանդիպումն անցկացնել կատալոնացիների ոխերիմ մրցակցի մարզադաշտում՝ մադրիդյան «Չամարտինում»: «Բարսան» հաղթեց 5:1 հաշվով և պահպանեց տեղը Պրիմերայում՝ Գեներալիսսիմուսի գավաթում տոնած հաղթանակից մեկ շաբաթ անց: Անկասկած, սա միանգամայն այլ ֆուտբոլի ժամանակաշրջան էր:

2017 թվականին կլրանա այդ պատմական անցումային խաղի 75 տարին, որը կարող էր ճակատագրական լինել «Բարսայի» համար: Այդ մրցաշրջանում Լա Լիգայում 14 թիմ էր մասնակցում, վերջին երկուսը միանգամից դուրս թռան, իսկ ևս երկուսը անցումային խաղեր անցկացրին սեգունդացի հավակնորդների հետ: Այդ տարի չեմպիոնի կոչումը նվաճեց «Վալենսիան», իսկ «կապտանռնագույնները» վերջից երրորդ տեղը զբաղեցրին՝ առաջնության ավարտից ընդամենը 3 տուր առաջ լքելով վտանգավոր գոտին և շրջանցելով «Հերկուլեսին» (որն այդ միակ տարում կոչվում էր «Ալիկանտե ՖԱ») և «Ռեալ Սոսիեդադին»: «Բարսելոնայի» վիճակագրությունը անմխիթար էր՝ 8 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 15 պարտություն: «Չամարտինում» նշանակված հանդիպումը կայացավ 1942 թվականի հունիսի 28-ին: Կատալոնացիների կազմում խաղին մասնակցում էին Միրոն, Սաբալան, Բենիտոն, Ռայխը, Ռոսալենը, Ֆրանկոն, Սոսպեդրան, Էսկոլան, Մարտինը, Բալմանիան և Վալիեն:

Հանդիպման 22-րդ րոպեին «Մուրսիան» առաջ անցավ հաշվի մեջ՝ տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Ուգեն: «Բարսան» մտքով արդեն Սեգունդայում էր՝ իհարկե ընդամենը 4 րոպե 🙂 Հանդիպման արդեն 26-րդ րոպեին Մարտինը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսից հետո ցուցատախտակին 1:1 էր: Կատալոնացիների հանդերձարանում մատչելի կերպով բացատրեցին կարգով ցած իջնելու բոլոր թերությունները. երկրորդ խաղակեսում նրանք 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Այդ տարիներին Marca-ն դեռևս օրաթերթ չէր. այն մարզական շաբաթաթերթ էր, որի առաջին համարը լույս էր տեսել 1938 թվականին: 4 տարի պահանջվեց թափ հավաքելու համար. 1942 թվականի նոյեմբերի վերջին՝ «Բարսայի» և «Մուրսիայի» միջև տեղի ունեցած խաղից գրեթե կես տարի անց, Marca-ն դարձավ օրաթերթ: Ահա թե այդ հանդիպմանը նվիրված քրոնիկոնում ինչ էր գրել Էդուարդո Տեուսը.

«5:1 հաշիվը մեզ հուշում է խաղադաշտում թիմերից մեկի միանգամայն գերազանցության մասին: Այն մասին, որ խաղադաշտում չկար պայքար, բայց իրականում դա այդպես չէ: Կիրակի օրը «Չամարտինում» «Բարսելոնան» ստիպված եղավ լրջորեն նյարդայնանալ այդ լարված անցումային խաղի ժամանակ: «Մուրսիան» քաջորեն պայքարում էր և սպիտակ դրոշակը բարձրացրեց միայն սեփական դարպասը 3-րդ գնդակն ընդունելուց հետո, որը հեղինակեց Մարտինը հանդիպման 72-րդ րոպեին»:

Նման դրամատիկ և լարված պայքար «Բարսան» ծավալել էր նաև մեկ շաբաթ առաջ՝ Գեներալիսսիմուսի Գավաթի եզրափակչի շրջանակում, որտեղ կատալոնացիները հաղթեցին Բիլբաոյի «Աթլետիկին» (4:3):

Արդեն հաջորդ տարի ամեն ինչ վերադարձավ իր տեղը՝ 1942/43 թթ. մրցաշրջանում «կապտանռնագույնները» նվաճեցին Լա Լիգայի բրոնզե մեդալները: Հատկանշական է, որ այս անգամ արդեն «Մադրիդը» քիչ էր մնում ունենար անցումային խաղ անցկացնելու կարիքը: «Սերուցքայիններն» առաջնությունն ավարտեցին վերջից 5-րդ տեղում՝ ընդամենը մեկ միավորով շրջանցելով «Էսպանյոլին», որն արդյունքում պահպանեց իր տեղը Պրիմերայում՝ անցումային խաղերում մրցելով Սեգունդայի ներկայացուցիչ Խիխոնի «Սպորտինգի» հետ: